Առողջապահական և աշխատանքի 
տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահական եվ աշխատանքի 
տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Նորություններ



Էջ  

20, փետրվար 2020

Ի՞նչ խախտումներ են առավել հաճախ անում տնտեսվարողները

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն, ամփոփելով 2019-ին կատարված աշխատանքները, տեղեկացնում է՝ Դիտարկվել են տնտեսավարողների կողմից օրենքների առավել հաճախակի խախտումները, դրանց պատճառները և տարածվածությունը։

Ըստ այդմ՝ խախտումները հիմնականում պայմանավորված են օրենսդրության պահանջների չիմացությամբ և ոչ բավարար իրազեկմամբ:

Մանրամասն ➜

19, փետրվար 2020

Ծառայողական քննություն՝ 21 աշխատողի նկատմամբ․ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 21 աշխատողի նկատմամբ 9 դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել։ Կարգապահական տույժ է նշանակվել նրանցից 5-ի նկատմամբ, մի շարք քննություններ դեռ ընթացքի մեջ են։

Մասնավորապես, ոչ աշխատանքային օրը ծառայողական մեքենան շահագործելու հանգամանքները պարզելու ծառայողական քննության արդյունքում նշանակվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ։

Մանրամասն ➜

18, փետրվար 2020

Պահպանել սանիտարական նորմերը ուսումնական հաստատություններում՝ ԱԱՏՄ հորդորը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավավարներին՝ պահպանել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված սանիտարական նորմերը եւ կանոնները՝ կանխարգելելու երեխաների շրջանում սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների առաջացումն ու տարածումը։ Մասնավորապես,

• Սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում:

Մանրամասն ➜

18, փետրվար 2020

Ո՞ր դեպքերում եւ որքա՞ն տուգանք կկիրառի ԱԱՏՄ-ն «հակածխախոտային» օրենքի խախտման համար

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի մի շարք պահանջների կատարման վերահսկողությունը վերապահված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։

ԱԱՏՄ-ի վերահսկողության շրջանակում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների (այսուհետ՝ ծխախոտ)

Մանրամասն ➜

13, փետրվար 2020

8 անգամ ավելի վարչական վարույթ եւ շուրջ 247 մլն դրամի տուգանք 2019թ․-ին․ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) 2019թ․ ստացված դիմում-բողոքների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ հարուցել է 1674 վարչական վարույթ՝ 2018-ի համեմատ 8 անգամ ավելի։

Նշանակվել է շուրջ 500 տուգանք՝ ընդհանուր առմամբ շուրջ 247 մլն դրամի չափով։ ԱԱՏՄ-ի ստացած ամենաշատ դիմում-բողոքներն առնչվել են սանիտարահամաճարակային անվտանգության վերահսկողության ոլորտին՝ 161։ Այս առումով հարուցվել է 1069 վարչական վարույթ։

Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության ոլորտում ստացվել է 24 դիմում (բողոք), հարուցվել է 271 վարչական վարույթ։ Բժշկական սպասարկմանն առնչվող դիմում-բողոքները 36-ն են, հարուցվել է 309 վարչական վարույթ։ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտին առնչվող 42 դիմում-բողոք է ստացվել, օրենքով սահմանված կարգով հարուցվել է 25 վարչական վարույթ։

Մանրամասն ➜

12, փետրվար 2020

Կասկածելի դեղերի վերահսկողությանն առնչվող հարցեր են քննարկվել

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի եւ «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի հանդիպմանը քննարկվել են դեղերի շուկայի վերահսկման եւ վերահսկողության արդյունքում առանձնացված դեղերի փորձագիտական աշխատանքներին, դրանց վերաբերյալ եզրակացությունների տրամադրմանն առնչվող հարցեր։

Երկուստեք կարեւորվել է հանդիպման անցկացումը։ Ընդգծվել է, որ դեղերի շուկայում խնդիրների լուծման առումով երկու կառույցն էլ ունի գործառույթներ, որոնց առավել սահուն եւ արդյունավետ իրականացումը ենթադրում է համատեղ աշխատանքների կանոնակարգում։

Մանրամասն ➜

11, փետրվար 2020

Վարչական վարույթ՝ Լուսառատի բժշկական ամբուլատորիայի հանդեպ

Հիմք ընդունելով 2020թ․ հունվարի 15-ին հայկական հեռուստաալիքներից մեկով հեռարձակված հաղորդման ընթացքում քաղաքացի ՄՄ-ի և նրա երեխայի հանդեպ ցուցաբերված բուժօգնությանը և սպասարկման որակին վերագրվող խնդիրները՝ հունվարի 29-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հարուցել է վարչական վարույթ Լուսառատի բժշկական ամբուլատորիայի հանդեպ։ ՀՀ ԱԱՏՄ Հարավային տարածքային կենտրոնի բժշկական սպասարկման վերահսկողության բաժնի աշխատակիցները զննում են իրականացրել Լուսառատի բժշկական ամբուլատորիայում։

Հաղորդման ընթացքում հնչել են գնահատականներ, թե տվյալ անձի եւ նրա երեխայի հանդեպ բժշկական օգնությունը պատշաճ որակի չի եղել, անտեսվել են նրա մոտ առկա մի շարք առողջական խնդիրներ։ Մինչդեռ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաղորդման ընթացքում հնչած խնդիրները մասամբ են համապատասխանում իրականությունը։

ԱԱՏՄ վարչական վարույթի ընթացքում զննումների արդյունքներով պարզվել է, որ ՄՄ-ի բժշկական քարտում առկա են գրառումներ եւ իրականացված մի շարք լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների արդյունքներ՝ (կրծքագեղձի սոնոգրաֆիա, փոքր կոնքի և վահանաձև գեղձի սոնոգրաֆիա), լաբորատոր հետազոտության արդյունքներ (թիրեոտրոպ հորմոն, պրոլակտին հորմոն)։ Ընդ որում՝ հետազոտությունների մի մասը կատարվել է երեւանյան հաստատություններում։ Առկա են նաեւ Վեդու բուժկենտրոնում կատարված ռենտգեն հետազոտության, որովայնի և կոնքի խոռոչի համալիր սոնոգրաֆիայի, էլեկտրոսրտագրության արդյունքներ, արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտության, արյան հետազոտության բժշկական ձևի հետադարձ ուղեգրերի կտրոններ, ինչպես նաև ամբուլատորիայի կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրված դեղատոմսերի ձևաթղթեր։

Միաժամանակ, արձանագրվել է, որ երեխայի ամբուլատոր քարտում եւս առկա են անվճար և արտոնյալ պայմաններով դեղատոմսերի ձևաթղթեր։ Սակայն բժշկական հսկողության ամբուլատոր քարտը լրացված է եղել թերություններով։ Դրանում առկա հետազոտությունների ձևաթղթերում եւս հայտնաբերվել են խախտումներ և թերություններ, որոնց հիման վրա կազմվել է զեկուցագիր։ "Լուսառատի բժշկական ամբուլատորիա" ՀՈԱԿ-ին տրվել է կարգադրագիր՝ արձանագրված խախտումները վերացնելու նպատակով։

11, փետրվար 2020

Գործարկվել են ԱԱՏՄ թեժ գիծը՝ 8107 եւ նոր կայքը՝ www.hlib.am

Գործարկվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր կայքը՝ https://hlib.am/ հասցեով։ Այս հարթակում հասանելի են տեսչական մարմնի նորությունները, ԱԱՏՄ գործունեությանը, ստուգման տարեկան ծրագրին առնչվող եւ այլ տեղեկություններ։

Տեսչական մարմինը պատրաստ է արդեն նոր՝ 8107 թեժ գծով լսել քաղաքացիների բողոքներն ու առաջարկները՝ իր լիազորությունների շրջանակում դրանց արձագանքելու եւ ընթացք տալու։ Միաժամանակ, որպես թեժ գիծ շարունակում է գործել նաեւ (010) 65 03 05 հեռախոսահամարը։ Դրանով 2019-ին ստացվել է 351 զանգ։

Մանրամասն ➜

10, փետրվար 2020

Վերահսկողական աշխատանքներ՝ նաեւ գնացքներում։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը ուժեղացված աշխատանքային ռեժիմի շրջանակներում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու հսկողական աշխատանքներ է տանում նաեւ գնացքներում։

10, փետրվար 2020

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ` ԱԱՏՄ-ում

ՀՀ վարչապետի որոշմամբ և Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարությամբ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում անցկացվում են քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ: Խումբը համալիր գնահատում է տեսչական մարմնի և դրա տարածքային ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության վիճակը։

ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների ղեկավարությամբ ԱԱՏՄ ղեկավար կազմի հետ անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Միջոցառումների նպատակն է բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ստուգել ՔՊ շտաբերի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, գնահատել ՔՊ պլանի իրատեսությունը եւ արտակարգ իրավիճակներում ճիշտ ու կազմակերպված գործելու կարիքները: Գնահատման արդյունքները կամփոփվեն ակտում, որի հիման վրա կպլանավորվեն և հնարավորին չափ սեղմ ժամկետերում կշտկվեն ՔՊ համակարգում առկա էական խնդիրները:

Միջոցառումների ընթացքում առարկայորեն քննարկվում են արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ ԱԱՏՄ լիազորությունների շրջանակում ձեռնարկվելիք քայլերի հետ կապված հարցեր: ԱԱՏՄ-ում եւ դրա տարածքային ստորաբաժանումներում այս միջոցառումները կանցկացվեն մինչեւ փետրվարի 14-ը։ Պետական կառավարման մարմիններում այսօրինակ միջոցառումներ անցկացվում են պարբերաբար։

07, փետրվար 2020

Ուժեղացված հսկողական աշխատանքներ՝ սահմանին

Ի պատասխան հարցումների՝

Այո, սահմանին հոսպիտալացումներ եղել են։ Այո, եղել են Չինաստանից Հայաստան ժամանած հայեր, որոնք ունեցել են ջերմություն։ Այո, նրանք եւ ոչ միայն նրանք մեկուսացվել եւ հոսպիտալացվել են։

Ինչո՞ւ այս մասին չի հրապարակվել։ Շատ պարզ պատճառով։

Սրանք Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի ընթացիկ հսկողական աշխատանքներն են՝ ուղղված կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն։ Սրանց սահուն հաջորդում են Առողջապահության նախարարության աշխատանքները։

Չինաստանից ժամանած կամ այդ երկրում վերջին 14 օրվա ընթացքում գտնված յուրաքանչյուր անձ, ում մոտ սահմանը հատելիս ջերմաչափման արդյունքում արձանագրվում է 37 եւ բարձր ջերմություն, անձնակազմի եւ ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով մեկուսացվում եւ հոսպիտալացվում է։ Նրանց առողջական հետագա վիճակով շարունակում է զբաղվել արդեն առողջապահության նախարարությունը։

Բարեբախտաբար, մինչ օրս հոսպիտալացված անձանցից եւ ոչ մեկի մոտ հիվանդությունը չի հաստատվել։ Այս առումով պարբերաբար տրամադրվում է ամփոփ սպառիչ տեղեկատվություն, երբ ԱՆ-ն ունենում է համապատասխան հետազոտությունների արդյունքները։

Ավելորդ խուճապի կարիք չկա։ Կարեւորը՝ պատկան մարմիններն իրենց տեղում են։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն օդային եւ ցամաքային սահմանին շարունակում է ուժեղացված հսկողական աշխատանքները։ Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ ԱԱՏՄ-ն սերտորեն գործակցում է պատկան այլ կառույցների հետ։

06, փետրվար 2020

Արձանագրվել են մահվան բժշկական վկայականի տրամադրման եւ դիահերձման կարգի խախտումներ

Արձանագրվել են մահվան բժշկական վկայականի տրամադրման եւ դիահերձման կարգի խախտումներ․ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին

Հիմք ընդունելով մարզային բուժհաստատությունում վարչական վարույթների արդյունքում ստացված տվյալները եւ ընթացք տալով տարածքային ստորաբաժանման պետի զեկուցագրին՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթ է հարուցել Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք բժշկական ամբուլատորիաների նկատմամբ։

Մանրամասն ➜

03, փետրվար 2020

Կորոնավիրուսի թեստ անցնելու են ՀՀ սահմանը հատող ոչ բոլոր անձինք

❓ Արդյո՞ք կորոնավիրուսի թեստ անցնելու են ՀՀ սահմանը հատող բոլոր այն անձինք, որոնք, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստացած տվյալներով, վերջին շրջանում եղել են Չինաստանում կամ գալիս են այդ երկրից։

❗️ Ոչ։ Կորոնավիրուսի թեստով հետազոտության համար կա մեկ միասնական մոտեցում՝ ըստ ԱՀԿ-ի։ Այդպիսի հետազոտության ենթակա են այն անձինք, որոնք արդեն ունեն հիվանդությանը բնորոշ ախտանշաններ եւ եղել են Չինաստանում վերջին 14 օրվա ընթացքում կամ շփվել են կորոնավիրուսով կամ դրան բնորոշ ախտանշաններով մարդկանց հետ։

❗️ Եթե Հայաստանի օդային կամ ցամաքային սահմանը հատող անձի մոտ ԱԱՏՄ սահմանային անցման կետերի աշխատակիցներն արձանագրում են կասկածելի ախտանշաններ, տվյալ անձը մեկուսացվում է եւ հոսպիտալացվում։ Այս դեպքում կարող է կատարվել կորոնավիրուսի թեստով հետազոտություն, եթե առկա է համապատասխան մասնագիտական ցուցում։

❓ Չինաստանից եկողների հանդեպ կա՞ հատուկ ընթացակարգ։

❗️ Այո։ Հայաստան մուտք գործելիս Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային անցման կետերում նրանց նկատմամբ իրականացվում է բժշկական հսկողություն՝ ջերմաչափում, վարակիչ հիվանդությանը բնորոշ ախտանշանների առկայության արտաքին զննում, իրականացվում է հարցում։ Դեռ ինքնաթիռում լրացվում են հասցեական թերթիկներ։ Վերջիններս տրամադրվում են պոլիկլինիկաներին կամ բուժհաստատություններին, որոնք հետագա զննումների արդյունքում գնահատում են՝ կա՞ արդյոք թեստավորման կարիք։

❗️ Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մեկ քաղաքացի թեստավորվել է․ հիվանդությունը վերջինիս մոտ հերքվել է։

01, փետրվար 2020

Աշխատանքային խորհրդակցություն՝ սահմանին ուժեղացված հսկողական աշխատանքների շուրջ

Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան բացառելու նպատակով ուժեղացված ռեժիմի պայմաններում աշխատանքների ընթացքին, ձեռնարկվող միջոցառումներին առնչվող հարցեր են քննարկվել ԱԱՏՄ ղեկավարի եւ տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում։

Ներկայացվել են սահմանային անցման կետերում վերահսկողական աշխատանքների ընթացքը եւ հերթապահությունների սահմանման հարցերը։ Ընդգծվել է վիրուսի առումով անբարենպաստ երկրներից ՀՀ մուտք գործողների տվյալների ճշգրիտ եւ ամբողջական պատկեր ունենալու կարեւորությունը. այս առումով տրվել են հանձնարարականներ։

Հակոբ Ավագյանը շեշտել է 24-ժամյա ռեժիմով աշխատանքի պայմաններում բարձր զգոնության պահպանման անհրաժեշտությունը։ Հրահանգված է կասկածելի ցանկացած հանգամանքի մասին անմիջապես զեկուցել։

01, փետրվար 2020

Շնորհակալագիր՝ Ժանետա Բեդյանին

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շնորհակալությամբ վաստակած հանգստի է ճանապարհել ԱԱՏՄ որակի ապահովման վարչության գլխավոր մասնագետ Ժանետա Բեդյանին։

Բազմամյա անձնվեր աշխատանքի, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում մեծ ավանդի, ցուցաբերած մասնագիտական բարձր որակների եւ բարեխիղճ մոտեցման համար Բեդյանը տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի կողմից շնորհակալագրի է արժանացել։

01, փետրվար 2020

Նոր համատեղ ծրագրեր՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ

Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ գործակցության շրջանակներում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները կանցնեն վերապատրաստման դասընթացներ։ Դրանց կազմակերպմանն ու երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Մոսկվայի գրասենյակի աշխատանքի վարչարարարության, աշխատանքի տեսչության, աշխատանքի անվտանգության եւ առողջության հարցերով ավագ մասնագետ Վալենտին Մոկանուի հանդիպման ընթացքում։

Քննարկմանը մասնակցել են նաեւ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանը եւ ԱՄԿ ծրագրի օգնական Մարիաննա Ավդալյանը։ Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի հետ իրականացվող ծրագրի շրջանակներում առաջիկա 4 ամսվա միջոցառումներին, անելիքներին եւ ակնկալվող արդյունքներին։

Գործակցության շրջանակներում փետրվարի վերջին անցկացվելիք դասընթացները նախատեսված են ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերահսկողության տեսուչների համար։ Դրանք լինելու են թե տեսական, թե գործնական՝ հիմնվելով աշխատատեղում աշխատանքի պայմանների գնահատման վերաբերյալ հայերեն թարգմանված մասնագիտական գրականության վրա։ Գործնական վերապատրաստումներն ընթանալու են հայաստանյան մի շարք արտադրական կազմակերպություններում։

Հանդիպման ընթացքում կարեւորվել է հետագայում երկկողմ գործակցության շրջանակներում առավել ակտիվ ծրագրերի իրականացումը՝ նպատակ ունենալով լրջորեն պատրաստվել 2021 թվականի հուլիսից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով ԱԱՏՄ լիազորությունների ընդլայնմանը։

31, փետրվար 2020

Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում եւ ՉԺՀ հետ վիզային ռեժիմի վերանայում՝ կորոնավիրուսից պաշտպանվելու քայլեր

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1֊ից մինչ մարտի 31֊ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը կասեցվում է։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ, Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ավինյանը։ Նախորդիվ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Տիգրան Ավինյանն ասել է.

«Հավաքվել ենք քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը աշխարհում, ինչպես նաև քննարկել այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, և Հայաստանի Հանրապետությունից դուրս: Ուզում եմ տեղեկացնել, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակը հասել է մոտավորապես 10 000-ի, որոնք հիմնականում գտնվում են Չինաստանի Ուհան քաղաքում: Այնուամենայնիվ, արդեն դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրամիությունում և Մերձավոր Արևելքում»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, ինչպես նաև երկիր ժամանող քաղաքացիների նկատմամբ անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմները: Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ի հետ համատեղ ինտենսիվ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ:

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշել է, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը շարունակական կապի մեջ է գտնվում մեր մոտ 600 քաղաքացիների հետ և իրականացնում է անհրաժեշտ գործողությունները: Նա նաև հավելել է, որ գործընկեր երկրների հետ քննարկվում են Հուբեի նահանգում բնակվող ՀՀ քաղաքացիների կամավոր տարահանման հնարավորությունները:

Նիստի ընթացքում քննարկվել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման նպատակահարմարությունը: Վերջում փոխվարչապետի կողմից գերատեսչությունների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

31, փետրվար 2020

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական_հանձնաժողով՝ ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով։ Հանձնաժողովը, որն այսօր արդեն անցկացրել է իր առաջին նիստը, նախագահում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին հանձնարարվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ՀՀ վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում են ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լ. Նանուշյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Ադոնցը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ս. Հայրապետյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Մհրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ս. Սաֆարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի նախագահ Տ. Ռևազյանը,

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հ. Ավագյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ա. Վանյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ե. Զայցևը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգող Զ. Բեգլարյանը։

29, հունվար 2020

Սահմանային անցակետերում կասկածելի վարակի դեպքեր չեն գրանցվել

ՀՀ պետական սահմանի անցման կետերում վերջին օրերին որեւէ կասկածելի դեպք չի արձանագրվել՝ կապված կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների հետ։ Չինաստանից եկող ուղեւորահոսքի մեջ որեւէ անձի մոտ ջերմություն չի արձանագրվել։

Համաճարակային տեսակետից անբարենպաստ երկրներից, մասնավորապես, Չինաստանից ՀՀ ժամանող ուղևորներին տրամադրվում են «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտեր»։ Դրանք լրացվում են օդանավերում և, ժամանելուն պես, տրամադրվում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի բժշկասանիտարական հսկիչ կետերի բուժանձնակազմին։

Մանրամասն ➜

29, հունվար 2020

Հատուկ ուշադրություն՝ պարբերական բուժզննության անցկացման կարգին․ ԱԱՏՄ խստիվ հորդորը՝ գործատուներին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հորդորում է տնտեսավարողներին՝ հատուկ ուշադրություն դարձնել պարբերական բժշկական զննության անցկացման կարգի պահպանմանը։ Հիմք ընդունելով մտահոգիչ վիճակագրությունն առ այն, որ տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների հանդեպ հարուցված վարչական վարույթների մեծ մասի դեպքում արձանագրվում են նշված կարգի խախտումներ՝ ԱԱՏՄ-ն խիստ միջոցներ է ձեռք առնելու։

Մանրամասն ➜

23, հունվար 2020

«Tax stamp» բջջային անվճար հավելվածով կարելի է հայտնաբերել կասկածելի դեղերը․ նման դեպքերում հարկ է դիմել ԱԱՏՄ

Դեղերի շուկայում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ, որոշ դեպքերում չունենալով նույնիսկ սեփական պահեստներ, ԵԱՏՄ անդամ երկրներից գործող օրենսդրության պահանջների խախտմամբ՝ առանց փորձաքննության և Առողջապահության նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրոշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ՝ որակի, անվտանգության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ և հսկվող դեղեր։

Մանրամասն ➜

15, հունվար 2020

2019-ին ԱԱՏՄ-ն գրանցել է աշխատավայրում պատահած 22 դժբախտ դեպք, որից 5-ը՝ մահվան ելքով

2019թ․ ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությունը ստացել է տեղեկատվություն աշխատավայրում տեղի ունեցած 22 դժբախտ դեպքի վերաբերյալ, որոնց հետևանքով տուժել է 25 մարդ։ Դեպքերից 5-ը եղել է մահվան ելքով, 2 դեպքում աշխատողները ստացել են ծանր մարմնական վնասվածք, 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մանրամասն ➜

Էջ  



hlib.am  logo  © 2019